Հյուսիսային Կովկասից 2700 մարդ է ներգրավված Սիրիայում և Իրաքում գործող զինյալ խմբերում

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում  է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի շուրջ 2700 բնակիչ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության (արխիվ)

Նա նաև հայտնել է, որ անօրինական ռազմական կազմավորումների համար զինյալների հավաքագրմամբ զբաղվող 66 մարդ է հայտաբերվել:

Ռուսաստանյան Lenta.ru լրատվակայքը հայտնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում կռվող 20 հազար օտարերկրացի զինյալներից շուրջ 4500-ը Ռուսաստանից եկվորներ են:

Ավելացնենք, որ Պատրուշևը մարտի 14-ին հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային դաշնային շրջանում աճում է ահաբեկչական սպառնալիքը, որը մասնավորապես պայմանավորված է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների համար կռվողների ներգաղթով:

Նշենք, որ Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում են նաև Վրաստանի և Ադրբեջանի ԶՈւ քաղաքացիներ: Մասնավորապես վերջերս Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտնել էր, որ մինչև այժմ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի:

Ահաբեկչական խմբավորումների գործողություններում ներգրավված են նաև Վրաստանի քաղաքացիներ, մասնավորապես ԻՊ-ի շարքերում: Չնայած, որ նրանց թիվը հստակ չէ՝ ամենատարբեր աղբյուրներով Վրաստանի Պանկիսիի կիրճից Սիրիայում մարտնչում է 50-60 զինյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *