ԱՄՆ գլխավորած կոալիցիան դեսանտ է իջեցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Սիրիայի Դեր Զոր շրջանում, գործողության ընթացքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուղղաթիռներից դեսանտ է իջեցվել: Այս մասին հայտնել է Sky News Arabia լրատվակայքը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ըստ լրատվակայքի՝ գրոհը եղել է Սիրիայի Ալ-Մայադին քաղաքի մոտակայքում գտնվող անապատում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Այստեղ են գտնվում նաև ԻՊ կողմից գրավված Ալ-Թանաք և Ալ-Ջաֆրա նավթահանքերը:

Նշվում է, որ կոալիցիայի իջեցրած դեսանտայինները առաջադրանքը կատարելուց հետո հեռացել են շրջանից: Այլ մանրամասներ հայտնի չեն: ԻՊ մարտիկները անցել են պաշտպանության և ամրացրել իրենց դիրքերը նավթահանքերի մոտ:

Սիրիայի Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները ներկայում մեծամասամբ գտնվում են ԻՊ վերահսկողության ներքո: Այդ հատվածում կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում միայն Դեր Զոր նահանգի վարչական կենտրոնը, ինչպես նաև նույնանուն քաղաքի մոտ տեղակայված կառավարական ուժերի ավիաբազան, որը հունվարի 16-ին պաշարել էին ԻՊ զինյալները:

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման կազմի մեջ մտնում են զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD) ուժերից և արաբական զինյալ, ընդդիմադիր տարբեր խմբավորումներից: ԱՄՆ-ն աջակցում է այս խմբավորմանը: 2017-ին Միացյալ Նահանգները նաև երկու անգամ զինտեխնիկա է փոխացնել «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (1,2):

Թուրքիան քրդական YPG-ն համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, և որակում է այն «ահաբեկչական»: 2014-15 թվականներից սկսած Թուրքիայի զինուժը հարվածում է Սիրիայի տարածքում այդ խմբավորման դիրքերին: Իսկ 2016-ի օգոստոսին՝ Սիրիայի տարածք ներխուժելուց հետո, թուրքական զինուժը նաև ցամաքային ռազմական գործողություններ է իրականացրել քրդերի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *