Թուրքիայի ՊՆ ղեկավարը տանկերի արտադրության անիրատեսական խոստումներ է տվել

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ արդեն այս տարվա մայիսին Թուրքիան կարող է սկսել «Ալթայ» տանկերի սերիական արտադրությունը: 

Նախարարը նշել է, որ այս տարվա փետրվարին տանկը անցել է բոլոր փորձարկումները և բարդություններ չլինելու դեպքում այս տարվա մայիսին կարող է սկսել տանկերի սերիական արտադրությունը:

Հայտարարությունը, սակայն, տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ առայժմ շարունակում է չլուծված մնալ տանկերի շարժիչների արտադրման կարևոր խնդիրը: Թուրքիան չունի տանկի համար նախագծած սեփական շարժիչ, իսկ արտասահմանից դեռ չի կարողանում գնել:

Բացի այդ, Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերության քարտուղարության 2017-2021 թթ համար նախատեսված զարգացման պլանով այս տանկերի առաջին խմբաքանակի (15 միավոր) ստացում նախատեսվում է միայն 2020-ին:

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Չի բացառվում նաև, որ հայտարարությունը հատուկ արվել է սահմանադրական հանրաքվեից 3 օր առաջ: Ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նախաշեմին սա կարող ենք որպես քարոզչական քայլ դիտարկել, քանի որ այն արվել է Սակարիայի բնակիչներին ուղղված քարոզչական խոսքի մեջ:

Փետրվարի 24-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը չեղարկել էր տեղական «Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը, ինչի հիմնական պատճառն այն էր, որ ընկերությունը ձախողել է տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը արտասահմանյան ընկերությունների հետ:

«Թյումոսան» մասնավոր ընկերությունը 2015-ի մարտին, թուրքական կառավարության հետ 190 մլն եվրոյի (206,35 միլիոն ԱՄՆ դոլար) պայմանագիր էր կնքել թուրքական «Ալթայ» տանկերի շարժիչների նախագծման, նախատիպային արտադրության, փորձարկման համար և հայտարարել էր, որ ծրագիրը տևելու է 54 ամիս (ավարտվելու էր 2019-ի աշնանը

«Ալթայ» տանկի համար դիզելային շարժիչների Նախագծումը նախատեսվում էր սկսել  2016-ից , որի արտադրությունը պետք է սկսվեր  2020-ին:

«Թյումոսանի» հետ պայմանագրի չեղարկումից հետո թուրքական կողմը շարժիչների կառուցման շուրջ բանակցություններ սկսեց Ուկրաինական «Ուկրօբորոնէսքպորտի» հետ: Ուկրաինական ընկերության  գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովը հայտնել էր, որ մարտի 14-ին Անկարայում Թուրքիայի և Ուկրաինայի վարչապետների ստորագրել են Թուրքիայում հավաքվող «Ալթայ» տանկերի համար ուկրաինական շարժիչներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Ուկրաինական արտադրության 6-ՏԴ3 տանկի շարժիչ

Ուկրաինական արտադրության 6-ՏԴ3 տանկի շարժիչ

Ռոմանովը նշել էր, որ քննարկման փուլում են գտնվում  թուրքական տանկերը 1500 ձիաուժ հզորությամբ 6ՏԴ-3 շարժիչներով համալրելու տարբերակը:

Ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը, սակայն, հայտնել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի տնտեսական վատ դրությունը՝ ներկայում այդ շարժիչի արտադրությունը սկսելը կասկածելի է թվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *