Հայաստանն իր փորձն օգտագործում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման գործում

Միջազգային խաղաղապահ առաքելություններում ձեռք բերված փորձը Հայաստանն օգտագործում է նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման գործում: Այս մասին ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը:

Հայրապետյանը խոսել է նաև Հայաստանի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության հարցերից, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածությունից:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները (արխիվ)

Խոսելով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունից Հայրապետյանը նշել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը կապված է Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների հետ երկկողմ համագործակցության հետ, իսկ երբեմն էլ իրականացվում են նաև բազմակողմ ծրագրեր, որոնք չեն հակասում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը և ՀԱՊԿ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Նշվում է նաև, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում ձեռք բերված փորձը Հայաստանը օգտագործում է նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման գործում:

Դեռևս 2015-ին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության նիստում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս ՀՀ նախագահը Սերժ Սարգսըանը նշել է նաև, որ ժամանակն է եկել ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը:

Նախագահը պատրաստակամություն էր հայտնել նաև կիսվել՝ տարբեր օպերացիաներին հայ խաղաղապահների մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:

Խաղաղապահության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը վերաբերում է Աֆղանստանում և Կոսովոյում ԱՄՆ և ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը: Հայկական կողմը ներգրավված է նաև Լիբանանում (2014-ի նոյեմբերից) և Մալիում («MINUSMA» ծրագրով. մեկ զինծառայող և մեկ դիտրոդ) ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 3-ին մեկնարկել է  ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքները:

«Զառ» ուսումնական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը Վիգեն Սարգսյանի և Ռիչարդ Միլսի մասնակցությամբ

«Զառ» ուսումնական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը Վիգեն Սարգսյանի և Ռիչարդ Միլսի մասնակցությամբ

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:

Ըստ Գառնիկ Հայրապետյանի՝ ամերիկյան կողմը «Համընդհանուր խաղաղապահական գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում 1 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ուսումնական կենտրոնի հիմնական մասնաշենքի վերանորոգման և կահավորման համար:

Հայկական կողմի ֆինանսավորմամբ իրականացվելու գազամատակարարման, ջրամատակարարման, էներգահամակարգի վերակառուցման, կոյուղու և սեպտիկ հորի կառուցման աշխատանքները:

Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվում են նաև կրթական ծրագրեր, որով հայաստանցի զինծառայողները և քաղաքացիական հանձինք հնարավորություն են ստանում ռազմական կրթություն ստանալ և բարելավել իրենց հմտությունները ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում:

Ռազմական կրթության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ում՝ ԱՄՆ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ԱՄՆ դեսպան Միլսը նշել էր, որ Հայաստանի ընդհանուր առմամբ 210 զինծառայող ավարտել է ԱՄՆ ռազմական դպրոցների տարբեր կրթական-ուսումնական ծրագրեր:

Posted by U.S. Embassy Yerevan on Friday, January 27, 2017

Պաշտպանական ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԱՄՆ փորձագետները Հայաստանի պաշտպանությանը օժանդակություն են ցուցաբերել ինչպես Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, այնպես էլ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ոլորտի բարեփոխումների ընթացքում:

Բացի այդ տարվում են նաև ռազմաբժշկական կարողությունների զարգացմանը, պաշտպանական բարեփոխումների իրականացմանը ուղղված աշխատանքներ, որոնցով Հայաստանի զինված ուժերին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել են 48 միլիոն դոլարի տեխնիկական սարքավորումներ, ինչպիսիք են բուժական պարագաներ, կրովի (շարժական) ռադիոկայաններ և այլն:

Ռազմական և անվտանգային ոլորտներում Հայաստանին ԱՄՆ օգնությանը՝ ըստ տարիների և ըստ ծրագրերի, կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի հոդվածում, իսկ առավել մանրամասն՝ մեր պատրաստած աղյուսակում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *